Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը դրական ազդակ է ամբողջ աշխարհի համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բացման ժամանակ։
«Անցած տարին հույսի նշույլներ բերեց։ Օրինակ՝ Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարը և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը։ Բայց չափազանց շատ ճգնաժամեր անվերահսկելի են մնում»,- նշել է նա:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:




































