ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանը մշտական հիմունքներով խորհրդատվական օժանդակություն է ստանում ԱՄՆ-ից և Ֆրանսիայից: Նա այդ մասին ասել է Երևանում մեկնարկած ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի բացման ժամանակ։
Նախարարի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունն ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրների հետ՝ բարեփոխումների և բանակի ժամանակակից չափանիշներին համապատասխան կերպափոխման գործընթացի շրջանակներում:
Պապիկյանը հույս է հայտնել, որ հաջորդ ամիս կհաստատվի որպես Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը սահմանող և համակարգող պլանավորման և վերանայման գործընթացի գնահատման հերթական փաստաթուղթը, ինչպես նաև անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը:
Նա նաև նշել է, որ Հայաստանը մեծ ներդրում է իրականացնում ԶՈւ-ն սպառազինությամբ համալրելու ուղղությամբ։ Նախարարի խոսքով՝ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն ունեն պաշտպանության ոլորտում համագործակցության երկարամյա պատմություն։
«Բարեփոխումների շրջանակներում ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ։ Մեծ ներդրում ենք իրականացնում զինված ուժերի արդիական սպառազինության և ռազմական տեխնիկայով համալրելու ուղղությամբ։ Զինված ուժերի կերպափոխումն ու ժամանակակից չափորոշիչների ներդրումն իրականացվում է նաև գործընկեր երկրների հետ փոխգործակցության բարձր մակարդակի հասնելու նպատակով»,- նշել է նա։
Պապիկյանն ընդգծել է, որ կարևորում են բազմակողմ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։




































