Կստեղծվի մասնագիտացված պետական մարմին՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) պետությունների մաքսային մարմինների՝ մաքսային նպատակներով փորձաքննությունների և հետազոտությունների համար։
Այդ նպատակով ՀՀ կառավարությունը սեպտեմբերին 18-ի նիստում հավանություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների՝ մաքսային նպատակներով փորձաքննությունների և հետազոտությունների կենտրոնի մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը։
Կառավարությունում հստակեցրել են, որ համաձայնագրի կնքումը նպատակ ունի շնորհել ԱՊՀ մասնակից պետության մասնագիտացված պետական մարմնին մաքսային մարմինների մաքսային նպատակներով փորձաքննությունների և հետազոտությունների կենտրոնի կարգավիճակ, որն այդ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված է մաքսային նպատակներով փորձաքննություններ ու հետազոտություններ անցկացնել։
Նշվում է, որ համաձայնագրի հիմնական նպատակն է մշակել միատեսակ մոտեցումներ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների աշխատանքի կազմակերպման հարցում փորձաքննություններ և ուսումնասիրություններ նշանակելիս և իրականացնելիս:
«Համաձայնագիրը կօգնի բարելավել ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների արդյունավետությունը տնտեսական պաշտպանության, անվտանգության ամրապնդման և մաքսային ոլորտում իրավախախտումների դեմ պայքարի, ինչպես նաև փորձագետների ներուժի և մասնագիտական կարողությունների զարգացման գործում»,- ասված է նախագծում։






































