Հայաստանի հիբրիդային ռիսկի կամ հիբրիդային վտանգների աղբյուրներն ունեն տարբեր աշխարհագրություն, այսօր «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ ասել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը: Նա այդ մասին խոսել է՝ արձագանքելով հարցին, թե արդյոք Ադրբեջանը և Թուրքիան դիտարկվո՞ւմ են որպես հիբրիդային հարձակումներ իրականացնող և Երևանին անվտանգային սպառնալիք հարուցող սուբյեկտներ:
«Մեր հիբրիդային ռիսկի կամ հիբրիդային վտանգների աղբյուրներն ունեն տաբեր աշխարհագրություն և, բնականաբար, կոնֆլիկտի և սառը հարաբերությունների պատմությունն ունի իր որոշակի ազդեցությունը: Դա չի կարելի և հնարավոր չէ հերքել: Չկա որևէ մեկ պետություն, որի նկատմամբ առաջադրված կամ պետության կողմից ընկալված, իր դեմ գործածվող հիբրիդային կամ կիբրիդային սպառնալիքը գալիս է մեկ աղբյուրից: Ուղղակի անհնար է գտնել այդպիսի պետություն, և Հայաստանն այստեղ էլ բացառություն չէ»,- ընդգծել է Գրիգորյանը:
Նա հավելել է, որ Արտաքին հետախուզության ծառայության խնդիրն է «ռադարները բաց պահել», որպեսզի կարողանան շատ ավելի վաղ տեսնել բոլոր ռիսկերը կամ աղբյուրները, ինչպես նաև ճիշտ նույնականացնել դրանք: Գրիգորյանի խոսքով՝ կարևոր հարց է նաև, թե ում են դրանք վերագրվում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսին հայտարարել էր, որ ԱԱԾ-ն պետք է աշխատի ՀՀ-ում ազդեցության գործակալների ինստիտուտի վրա: Նրա համոզմամբ՝ ՀՀ-ի առջև այսօր ծառացած մարտահրավերները հիբրիդային են` ունեն ահաբեկչության, սահմանադրական կարգի խախտման և հակահետախուզական բնույթի հատկանիշներ:





































