Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարությանը, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը։
Քվեարկության արդյունքում վարչապետն ստիպված կլինի հրաժարական տալ։ Նրա պաշտոնանկության և փոքրամասնության կառավարության լուծարման օգտին քվեարկել է 364 պատգամավոր, դեմ՝ 194-ը, ձեռնպահ՝ 25-ը։ Լրատվականը նշել է, որ 5-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ վարչապետը, որը նախկինում ստացել էր խորհրդարանի վստահությունը, հրաժարական կտա անվստահության քվեով։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 25-ին Բայրուն կառավարությանը վստահության հարցը խորհրդարան ներկայացնելու որոշումը հիմնավորել էր ճգնաժամային տնտեսական իրավիճակով, առաջին հերթին՝ պետական պարտքի շարունակական աճով։ Հուլիսին Բայրուն ներկայացրել էր պետական ծախսերը սահմանափակելու ծրագիր, որի շրջանակներում նախատեսում էր հրաժարվել կենսաթոշակների և սոցիալական այլ նպաստների բարձրացումից՝ փորձելով զսպել պետական պարտքի աճը։
Այսօր կայացած լսումների ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները քննադատել են վարչապետին։ Գործակալությունը նաև հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է առաջիկա օրերին նշանակել Ֆրանսիայի նոր վարչապետ։
Բայրուն վարչապետ էր նշանակվել 2024 թվականի դեկտեմբերի 13-ին։ Հունվարի 14-ին նա հիմնական ելույթով հանդես էր եկել Ազգային ժողովում և նրա ծրագիրը սուր քննադատության էր արժանացել «Չենթարկվող Ֆրանսիա»-ի կողմից։




































