Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցն ուղարկել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի, ԱԺ նախագահին է ուղարկվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը»,- ասվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
2024 թվականի հոկտեմբերին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունն արդեն պատրաստ է։ Մարտի 5-ին Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի 2025 թվականին խորհրդարանի լիագումար նիստերում։
2020թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով Քննիչ հանձնաժողովն ստեղծվել էր 2022թ․ հոկտեմբերի 10-ին: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել էր 2022թ․ հոկտեմբերի 5-ին՝ 6 ամիս ժամկետով և մայիսի 2-ին՝ կրկին 6 ամիս ժամկետով։ Հանձնաժողովի լիազորությունները դադարեցվել էին 2024թ․ դեկտեմբերի 3-ին։




































