Խորտակված «Տիտանիկի» որոնումները1985 թվականին ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու միջուկային սուզանավի՝ Thresler-ի և Scorpion-ի, հետազոտական առաքելության քողարկում էին, CNN-ին հայտնել է որոնողական արշավախմբի գլխավոր հետազոտող Ռոբերտ Բալլարդը:
«Այն ժամանակ մարդիկ, գոնե շատերը, չգիտեին, որ «Տիտանիկի» որոնումները քողարկվում էին գաղտնի ռազմական գործողության համար, որը ես անցկացրել էի որպես ռազմածովային հետախուզության սպա: Մենք չէինք ուզում, որ ԽՍՀՄ-ն իմանար, թե որտեղ է գտնվում սուզանավը»,- ասել է Բալլարդը հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերն աջակցել են «Արգո» անունով համակարգի մշակման գաղափարին, որը ենթադրում էր հեռակառավարվող ստորջրյա տրանսպորտային միջոցների ստեղծում, որոնք կարող էին տեսանյութ փոխանցել հետազոտական նավին: Ռազմածովային ուժերի նպատակն էր այն օգտագործել, ի թիվս այլնի, երկու սուզանավի խորտակման պատճառները պարզելու և հետախուզական տվյալներ հավաքելու համար։ Բալլարդը, իր հերթին, համոզել է նրանց «ժամանակ հատկացնել» «Տիտանիկի» որոնմանը, որը «ծառայել է որպես քողարկում» ԱՄՆ ռազմածովային ուժերի առաքելության համար։
«Տիտանիկի» առաջին ցուցադրությունը, որին հետևել էր մի քանի հազար մարդ, տեղի էր ունեցել 1911 թվականի մայիսի 31-ին։
Շոգենավն իր առաջին և վերջին ճանապարհորդությունն սկսել էր Անգլիայի Սաութհեմփթոն քաղաքից 1912 թվականի ապրիլի 10-ին։ Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերն այն բախվել էր Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում գտնվող սառցաբեկորի և խորտակվել 2 ժամ, 40 րոպե անց։ Նավի կործանման հետևանքով զոհվել էր մոտ 1500 մարդ, 712 ուղևոր և անձնակազմի անդամներ կարողացել էին փրկվել։





































