Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի փոխվարչապետ ու Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարն ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Փաստաթուղթն ստորագրվել է Չինաստանի Տիենծին քաղաքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակում։
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, մտքեր փոխանակել բազմակողմ հարթակներում՝ այդ թվում ՄԱԿ-ում և ՇՀԿ-ում համագործակցության հարցերի շուրջ։
Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերը և ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, ինչի կապակցությամբ Դարը շնորհավորել է։
Միրզոյանը նաև անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված մյուս համաձայնություններին։
Ավելի վաղ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Դարի հետ, որի ընթացքում քննարկել էր Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը։
Պակիստանը միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանը, չնայած Հայաստանը ճանաչում Պակիստանը որպես պետություն։ Այն համարվում է Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցը՝ ակտիվորեն համագործակցելով նրա հետ ռազմական ոլորտում։ Ըստ Երևանի՝ Պակիստանի բանակի հատուկ նշանակության ուժերը նույնպես գործել են Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ։ Բացի այդ, Պակիստանը հրաժարվում է ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։






































