ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի տպավորությամբ՝ իշխանության ներսում թեմատիկ մրցույթ է հայտարարված, թե ի՞նչ քրեական գործ կարելի է փաթաթել «Տաշիր» ընկերությունների խմբի կալանավորված նախագահ Սամվել Կարապետյանի վրա: Այս մասին պատգամավորը գրել է Ֆեյսբուքի իր էջում։
«Մի 2 ամիս էլ անցնի, շատերը չեն էլ հիշի, թե Կարապետյանին ի՞նչ թեմայով կալանավորեցին, որովհետև իշխանությունը գիտակցելով գործի դատարկությունը՝ փորձում է նորանոր «հանցանքներ» պեղել»,- գրել է նա:
Աբրահամյանն ընդծել է, որ «մեծ առումով նոր բան չկա, ռեժիմը գործում է ժանրի կանոններով, ինչն այդքան նրան հոգեհարազատ է դարձել»:
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը:
Հուլիսի 4-ին Երևանում անցկացվել էր երթ՝ հաջակցություն կալանավորված Կարապետյանի։ Այնուհետև նա իր ուղերձում հայտարարել էր, որ պատրաստ է դուրս գալ պայքարի ճանապարհ՝ հանուն հայրենիքի և համախմբել ժողովրդին արմատապես նոր ուժի շուրջ։ Հուլիսի 14-ին նա հայտնել էր նոր քաղաքական թիմ ձևավորելու մեկնարկի մասին։ Օգոստոսի 15-ին դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը։




































