Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ, սակայն միևնույն ժամանակ մտահոգություն է հայտել «Թրամփի երթուղու»՝ մասնավորապես ամերիկյան ընկերությունների ներկայության վերաբերյալ, հաղորդում է Mehr գործակալությունը։
Նա նշել է, որ Հայաստան կատարելիք իր այցի ժամանակ պատրաստվում է կենտրոնանալ իրանական մասնավոր ընկերությունների դերի ընդլայնման, համատեղ ներդրումային նախագծերի մշակման և նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրականացման վրա:
Իրանի նախագահի խոսքով՝ Երևան այցի ընթացքում հիմնական հարցը կլինի «Թրամփի երթուղու» քննարկումը, որը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար:
Միևնույն ժամանակ, Փեզեշքիանը նշել է, որ «Թրամփի երթուղին» կարող է դառնալ առևտրային ուղիների ընդլայնման կարևոր հարթակ, սակայն Թեհրանը լուրջ մտահոգություններ ունի:
«Մեր մտահոգությունները կապված են ամերիկյան ընկերությունների ներկայության հետ: Սովորաբար նրանք տարածաշրջան են մտնում մեկ պատրվակով, ապա անում են բոլորովին այլ բաներ: Մենք բանակցություններ կվարենք առկա մտավախությունների և մտահոգությունների շուրջ»,- ընդգծել է նա։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Արմենպրես» գործակալության կայքում հոդված էր հրապարակել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան պաշտոնական այցից առաջ։ Հոդվածում դիվանագետը շեշտել է հայ-իրանական սահմանի ռազմավարական դերը, որը ծառայում է որպես «կամուրջ էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության և մարդկային շփումների ոլորտում համագործակցության համար»։
Նա նշել է, որ Իրանը հետևողականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման, ինչպես նաև արտաքին միջամտության անթույլատրելիության սկզբունքների վրա։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։




































