Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի որդին՝ Սամվել Հակոբյանը, հայտնել է կալանքի տակ գտնվող հոր առողջական վիճակի վատթարացման մասին։
Նա տեղեկացրել է, որ անցած գիշեր Հակոբյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետ նորից կալանավայր։
Հակոբյանի որդին մանրամասնել է, որ հորը կարճ ժամանակով տեսնելու հնարավորություն է ունեցել։ Նրա խոսքով՝ Հակոբյանի մոտ զարկերակային բարձր ճնշում են արձանագրել, ինչպես նաև սթրեսային խնդիրներ։ Նա հավելել է, որ բանտապահը խնդիր է համարել հոր՝ հիվանդանոցում մնալու հանգամանքը։ Հակոբյանը տեղեկացել է, որ հորը երկուշաբթի են հետազոտելու։
«Արդարադատության նախարար, մարդու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազ չունենք»,- մասնավորապես նշել է նա։
Հուլիսի 19-ին Հակոբյանին 2 ամսով կալանավորել էին իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մեղադրանքով, որոնք, ըստ Քննչական կոմիտեի, նա հնչեցրել է զանգվածային լրատվության միջոցով։




































