Օգոստոսի 18-ից սեպտեմբերի 6-ը Լոռու, Կոտայքի մարզերում և Երևանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ
փառատոնը, հայտնում է ԿԳՄՍՆ-ն:
Փառատոնի մեկնարկին ընդառաջ Լոռու մարզում կկազմակերպվի ներառական մշակութային ճամբար՝ ուղղված խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանը և մշակութային ինտեգրմանը։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 22-ին Աբովյան քաղաքում:
Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված է 35 երկրից ներկայացված 52 միջազգային ֆիլմ, համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ և վարպետության դասեր։
«Ֆրեսկո»-ն համադրում է մշակութային, հոգևոր և սոցիալական արժեքներ, միավորում է արդի արվեստի տարբեր ձևեր և հոգևոր թեմատիկ ֆիլմեր:
Գերատեսչության փոխանցմամբ՝ փառատոնը հատուկ ուշադրություն է դարձնում խոցելի խմբերի ստեղծագործական ներուժի զարգացմանը, կարծրատիպերի հաղթահարմանը և համատեղ նախաձեռնությունների խրախուսմանը՝ հիմնվելով ինտեգրման սկզբունքի վրա։





































