«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը բացատրել է, թե ինչու է Սամվել Կարապետյանի թիմի կողմից նախաձեռնված «Մեր ձևով» շարժումը դեռևս ապաքաղաքական։ Նա այս մասին լրագրողներին հայտնել է Վերաքննիչ վարչական դատարանի շենքի մոտ, որտեղ ժամը 17:30-ից ընթանում է գործարարի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Armenia Today-ի YouTube-յան ալիքով հեռարձակում է իրականացվում դատարանի բակից։
«Եթե այն քաղաքական շարժում լինի, մարդիկ քաղաքական գործընթացի մասնակցելու նախնական մտավախություն կունենան։ Մեր ազգի արհեստավարժ մասնագետներից առաջարկներ, կարծիքներ ստանալու համար առաջինը պետք է ապաքաղաքական շարժում սկսենք։ Ապաքաղաքական շարժումը պետք է ներկայացնի այն առաջնահերթությունները, որոնք պետք են մեր ժողովրդին փոփոխությունների համար։ Այդ ամենից հետո կգա քաղաքական հանգուցալուծումը, որը վաղ թե ուշ լինելու է»,- շեշտել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ապաքաղաքական նախաձեռնության ձևաչափը թույլ կտա ներգրավել մասնագիտական ներուժ, մասնագետները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց առաջարկները՝ կապված տարբեր ոլորտների բարեփոխումների հետ։ Կարապետյանն ընդգծել է, որ այն պետք է անցնի քաղաքական փուլ ոչ քաղաքական ձևաչափով փորձագիտական գնահատականներ հավաքելու գործընթացն ավարտվելուց հետո։
«Մինչ այդ մենք ներկայացնելու ենք մեր սոցիալական, առողջապահական, տնտեսական օրակարգը, որից հետո՝ մեր քաղաքական օրակարգը, որպեսզի մարդիկ հասկանան՝ մենք ինչ կարող ենք անել։ Քաղաքականությունը բոլոր այս պրոցեսների վերջնական հետևանքն է։ Մենք չենք խորշում քաղաքական հայտարարություններից, ուղղակի դրանք պետք է միտված լինեն հաջողության», - ընդգծել է Կարապետյանը։
Նա նշել է, որ «քաղաքական հանգուցալուծումն անխուսափելի է», սակայն մինչ այդ պահը շարժումը մտադիր է պատրաստել երկրի տնտեսական և սոցիալական զարգացման ծրագիր։ Նա նաև շեշտել է, որ շարժման նախաձեռնողների կարծիքով՝ հասարակությունը հիասթափվել է փողոցային պայքարից, և ընտրություններին մասնակցելն այժմ ավելի նպատակահարմար է։
Կարապետյանը չի մեկնաբանել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները։ «Մենք դրա մասին կխոսենք։ Շատ կարևոր է, որ դրա մասին խոսենք մենք և այն մարդիկ, ովքեր բանակցային պրոցեսին մասնակցել են որպես արտաքին գործերի նախարարներ։ Մենք այդ հնարավորությունը կտանք մեր հասարակությանը, որ լսեն ԱԳ նախարարների կարծիքը բանակցությունների պրոցեսի մասին»,- ասել է Կարապետյանը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով կգլխավորի նոր ուժը՝ իր հայրը, թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահը պատասխանել է, որ ինքն իրավասու չէ պատասխանել այդ հարցին։
2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում անցկացվել էր երթ՝ հաջակցություն կալանավորված բարերարի։ Այնուհետև Կարապետյանն իր ուղերձում հայտարարել էր, որ պատրաստ է դուրս գալ պայքարի ճանապարհ՝ հանուն հայրենիքի և համախմբել ժողովրդին արմատապես նոր ուժի շուրջ։ Հուլիսի 14-ին նա հայտնել էր նոր քաղաքական թիմ ձևավորելու մեկնարկի մասին։ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ հենց Սամվել Կարապետյանն է ղեկավարելու նոր ձևավորվող քաղաքական ուժը:
Մանրամասները՝ տեսանյութում:



































