Հետիոտների կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու համար տուգանքը կրկնապատկվել է, փոփոխություններ են կատարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Նշվում է, որ օգոստոսի 2-ից սկսած՝ այն հետիոտները, որոնք կխախտեն երթևեկելի մասը հատելու կարգը՝ այսինքն՝ փողոցը կանցնեն չնախատեսված հատվածով, կենթարկվեն առավել խիստ պատասխանատվության։
«Եթե նախկինում նման խախտման համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն՝ հինգ հազար դրամի չափով, ապա օգոստոսի 2-ից տուգանքի չափը խստացվել է և կազմում է տասը հազար դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միայն 2023 թվականին գրանցվել է վրաերթի 1197 դեպք, որի հետևանքով 108 մարդ է զոհվել։ 2024-ին թեև վրաերթերի թիվը փոքր ինչ նվազել է, սակայն զոհերի թիվը գրեթե նույնն է՝ 1079 վրաերթ, 107 զոհ։





































