Իրաքի Նաջաֆ-Բասրա ճանապարհին վթարի է ենթարկվել իրանցի ուխտավորներ տեղափոխող ավտոբուս, որի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 57 մարդ, հայտնում է Iran International-ը՝ հղում անելով իրանական Կարմիր մահիկին։
Նշվում է, որ վիրավորների մեծ մասը հարավային Խուզեստան նահանգից էր և ուղևորվում էր Իրաքի կրոնական քաղաքներ՝ մասնակցելու Արբաինի արարողությանը։
Իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ որպես պատճառ նշել էին վարորդի սխալը և ավտոբուսի՝ ճամփեզրի արգելապատնեշին բախվելը։
Արբաինի արարողությունը նշանավորում է Աշուրայից հետո 40-օրյա սգո շրջանի ավարտը՝ Իմամ Հուսեյն իբն Ալիի մահվան հիշատակին։ Ամեն տարի միլիոնավոր շիա մուսուլմաններ ուղևորվում են Քարբալա և այլ սրբավայրեր, որոնցից շատերը հարյուրավոր կիլոմետրեր են քայլում։
Հուլիսի 26-ից օգոստոսի 12-ը Արբաինի հետ կապված ճանապարհորդությունների ժամանակ հինգ սահմանային նահանգներում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 125 մարդ, ասել է Իրանի ճանապարհային ոստիկանության պետ Ահմադ Քարամի-Ասադը։ Վերջին միջադեպի պատճառով զոհերի թիվը հասել է 130-ի, վիրավորներինը՝ մոտ 3000-ի։




































