Հայաստանի իշխանությունները Սյունիքի մարզում Ադրբեջանի հետ խաղաղություն քարոզելու արշավ են սկսել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Նշվում է, որ չնայած ամեն տարի Սյունիքում համայնքների օրվա առիթով միջոցառումներ են կազմակերպվել, սակայն այս տարի ներքին հրահանգ կա, որ մեծ շուքով նշվեն այդ օրերը։ Որոշվել է սյունեցիներին տոն պարգևել, իշխանության նկատմամբ դրական վերաբերմունք առաջացնել։
Օրեր առաջ էլ Տեղ սահմանամերձ համայնքն է առաջին անգամ նշել համայնքի տոնը: Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն անգամ վաշինգտոնյան համաձայնագրին է իր ելույթում անդրադարձել, ասել, որ Դոնալդ Թրամփի երաշխավորությամբ խաղաղության հռչակագրի նախաստորագրումն արժեքավոր փաստաթուղթ է խաղաղության մասին, իսկ Տեղի բնակիչներն արարող-ստեղծող են, եթե խաղաղություն լինի, կստեղծեն ու լավ կապրեն։
Հուլիսի 29-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզում մարզպետի և ուժայինների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ «եթե կարողանանք Սյունիքի դարպասները բացել, ապագան զարգացման մեծ հնարավորություններ է տալու»:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ կարգավորման հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է նաև ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Կողմերը նախաստորագրել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին ուղերձով:
Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան





































