Որոշ տարակուսանք են առաջացնում բարեկամական Իրանի պաշտոնյաների տարաբնույթ (թեև, գուցե, միմյանց լրացնող) գնահատականները և, մանավանդ, Ռուսաստանի գրեթե բացարձակ լռությունը, ամերիկյան միջնորդությամբ կնքված հայ-ադրբեջանական հռչակագրի մասին «Իլուր»-ի հարցին ի պատասխան նշել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նա զերծ է մնացել հռչակագիրը մեկնաբանելուց՝ նշելով, որ դրան հնարավոր է անդրադառնալ միայն համաձայնագրի գործադրումից հետո։
Տեր-Պետրոսյանի խոսքով՝ իրանական դիվանագիտությունն այնքան նուրբ է, որ երբեմն դժվար է անմիջապես այն ընկալել։
«Իմ փորձից, սակայն, կարող եմ հավաստել, որ մեր երկրի անկախության վերականգնումից ի վեր Իրանը Հայաստանի նկատմամբ ոչ միայն որևէ դժգոհություն կամ կշտամբանք չի արտահայտել, այլև դրականորեն է արձագանքել մեր բոլոր կարիքներին։ Մի խոսքով, Հայաստանի և Իրանի ավելի քան 30-ամյա հարաբերություններում ես որևէ թյուրըմբռնում չեմ տեսել»,- ասել է նախկին նախագահը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ կարգավորման հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է նաև ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Կողմերը նախաստորագրել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին ուղերձով:
Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան




































