ՀՀ վարչապետի աշխատակազմից Armenia Today-ին ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրը:
«Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունն այս պահին չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել։
Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, և տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։ Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որևէ հաղորդագրություն չենք հրապարակել և հետևաբար, այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո», – փոխանցել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր գրել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Սպիտակ տանն ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Կառավարությունից չէին մեկնաբանել հանդիպման մասին Armenia Today-ի հարցումը:
Ավելի ուշ ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն մի շարք մանրամասներ է հայտնել օգոստոսի 8-ին կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան հանդիպման մասին։ Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև նա կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ըստ լրագրողի՝ երեք առաջնորդները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
Փաշինյանի և Ալիևի նախորդ հանդիպումը կայացել էր հուլիսի 10-ին Աբու-Դաբիում։ Այդ հանդիպման ժամանակ, ըստ հաղորդագրությունների, առաջնորդները պայմանավորվել էին շարունակել երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները։