ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Սպիտակ տանն ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Երևանում չեն մեկնաբանել Armenia Today-ի հարցումը։
Հանդիպման մասին հայտնել է Վաշինգտոնում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն: Նա, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ այս շաբաթ Վաշինգտոնում կարող է հայտարարվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու մտադրության մասին։
Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունն առայժմ չի արձագանքել Armenia Today-ի հարցին, թե արդյոք այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։
Փաշինյանի և Ալիևի նախորդ հանդիպումը կայացել էր հուլիսի 10-ին Աբու-Դաբիում։ Այդ հանդիպման ժամանակ, ըստ հաղորդագրությունների, առաջնորդները պայմանավորվել էին շարունակել երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Փաշինյանն ու Ալիևը հանձնարարել են պետական հանձնաժողովներին շարունակել սահմանազատման գործնական աշխատանքը՝ նշելով, որ այս ուղղությամբ որոշակի առաջընթաց գրանցվել է։
Ադրբեջանական մամուլի տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» հարցը, այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները պաշտոնապես դեմ են միջանցքային տրամաբանությամբ կոմունիկացիաների ապաշրջափակման գաղափարին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 14-ին հայտարարել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման «հաջող ավարտի» հնարավորության մասին: