Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն արդեն Երևանում է։ Սոցցանցերում հրապարակվել են կադրեր, որտեղ արտիստը սպիտակ վարդերի փունջով դուրս է գալիս «Զվարթնոց»-ի VIP գոտուց և ուղևորվում դեպի սպասող միկրոավտոբուսը, նրան ուղեկցում են անվտանգության աշխատակիցները և միջոցառման կազմակերպիչները։
Լոպեսը համերգը նախատեսված է օգոստոսի 3-ին՝ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում՝ Up All Night համաշխարհային շրջագայության շրջանակներում, Սնուփ Դոգի փոխարեն։ Նրա երևանյան համերգի նախօրեին հյուրանոցի բոլոր ազատ համարներն սպառվել են։
Ապրիլի 8-ին հայտնել էինք, որ Up All Night համաշխարհային շրջագայության շրջանակում Լոպեսն առաջին անգամ օգոստոսի 3-ին համերգ կտա Հայաստանում։
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում 2023-ի օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ ռեփեր Դոգի Երևանում կայանալիք համերգի անցկացման համար: 2023-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը համերգը հետաձգելու որոշում էր կայացրել՝ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայով պայմանավորված:
Համերգի համար կառավարության որոշմամբ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել էր 2,3 մլրդ դրամ գումարի պայմանագիր։ ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ ռեփերը գումարը չի վերադարձրել:
Հուլիսի 31-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ էր կատարել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի վերաբերյալ իր որոշման մեջ, ըստ որի Դոգի փոխարեն Երևանում համերգով հանդես կգա Լոպեսը։