Հայաստանը համաձայնության է եկել Պաղեստինի հետ, և Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում, հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Կոստանյանը մասնակցել և ելույթ է ունեցել Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին:
Նա նաև նշել է, որ Հայաստանը ողջունում է Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության՝ Պաղեստին պետությունը ճանաչելու մտադրության վերաբերյալ վերջին հայտարարությունները: Կոստանյանը համոզմունք է հայտնել, որ երկու անկախ հարևան պետությունների գոյությունը կարող է երաշխավորել երկարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն և բարօրություն` ինչպես Պաղեստինի, այնպես էլ Իսրայելի ժողովուրդների համար։
«Պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները, պետք է հրադադար հաստատվի և ամրապնդվի՝ հետագա արյունահեղությունը կանխելու համար, պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակվեն բոլոր պահվող անձինք և գերիները՝ միաժամանակ ապահովելով հումանիտար օգնությունը անխոչընդոտ հոսքը։ Ամենակարևորը՝ «երկու պետություն» լուծման սկզբունքի հիման վրա բանակցությունները պետք է դիտարկվեն որպես Միջին Արևելքում երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու միակ և կենսունակ ուղին»,- ընդգծել է փոխնախարարը։
Կոստանյանի խոսքով՝ լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական ազգերից մեկը՝ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանը:
«Հայաստանը լիահույս է, որ Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն կպահպանվի և լիովին կհարգվի՝ որպես միջկրոնական համերաշխության և խաղաղ համակեցության անկյունաքար»,- նշել է նա։
Հուլիսի 29-ին Կոստանյանը Պաղեստինի ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ քննարկել էր Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները, երկկողմ հարաբերությունները։
2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանը հայտարարել է Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու մասին և դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում։






































