Թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող Baykar ընկերությունն անցած շաբաթ ԱԹՍ-ների փորձնական թռիչքներ է իրականացրել Հայաստանի և Թուրքիայի սահմանին մոտ տարածքում։ Այդ մասին վկայում են Flightradar.com կայքի տվյալները, որը հետևում է քաղաքացիական բոլոր թռիչքներին։
Փորձարկումները գրանցվել են Նախիջևանի և Տավուշի ուղղությամբ՝ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի մոտակայքում։ Flightradar-ի տվյալներով՝ ԱԹՍ-ի սիմուլյացիոն թռիչքն սկսվել է Իզմիրի (Թուրքիա) մերձակայքում, այնուհետև շարժվել դեպի Նախիջևան ու շարունակել թռիչքը Հայաստանի Տավուշի մարզի սահմանով։
Հուլիսի 23-ին Թուրքիան Ստամբուլում անցկացվող IDEF 2025 ցուցահանդեսի ընթացքում ներկայացրել էր իր առաջին գերձայնային հրթիռը՝ Tayfun Block-4-ը։ Այս հրթիռը նախատեսված է ռազմավարական նշանակության թիրախների խոցման համար՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրամանատարական կենտրոններ և այլն: