Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը հայտարարել է, որ Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը «կարող է վերածվել տարածաշրջանային ուժի»: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին նա ասել է Ադրբեջանում աշխատանքի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Դիվանագետը նաև Ադրբեջանն անվանել է«Իսրայելի համար հուսալի գործընկեր»: Դիկի խոսքով՝ Ադրբեջանը, «ինչպես և Իսրայելը, ապրում է կոշտ հարևանության պայմաններում»: Դեսպանը նաև հայտարարել է, որ Բաքուն ակտիվ դերակատարություն ունի Մերձավոր Արևելքում, և ընդգծել է Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի փոխկապակցվածությունը:
Նշելով, որ Իսրայելը «գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է նոր բալիստիկ հրթիռներ արտադրելու Իրանի կարողությունը», դեսպանը հայտարարել է, որ «այսօր թուլացած Իրանի հետ աշխարհն, այդ թվում՝ Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը, ավելի անվտանգ է»:
2022 թվականի դեկտեմբերին Դիկը կոչ էր արել Իրանի դեմ դաշինք ստեղծել Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի և արաբական երկրների մասնակցությամբ, ինչպես նաև հայտարարել էր, որ Իսրայելն «ամեն ինչ կանի» Ադրբեջանի հզորացման համար։