«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանությանը կարող են միանալ հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին, հայտարարում է Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Ավստրալա-բրիտանացի հայտնի փաստաբան, իրավաբան-գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը (King’s Counsel, KC) ներկայումս դիտարկում է Կարապետյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների միջազգային խմբին միանալու և խմբի կողմից միջազգային կազմակերպություններ ներկայացվող հայցադիմումներին աջակցելու հնարավորությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացուցչության հետագա փուլերում կարող է պաշտոնապես դիտարկվել նաև լիբանանա-բրիտանացի իրավաբան, ակտիվիստ Ամալ Քլունիի ներգրավումը գործընթացում։
Ռոբերտսոնը, ըստ հաղորդագրության, խորը մտահոգություն է հայտնել Կարապետյանի նկատմամբ կիրառված «չափազանց խիստ քրեադատավարական միջոցների առնչությամբ՝ ընդգծելով նրան ներկայացված մեղադրանքի քաղաքական ենթատեքստը»: Նրա գնահատմամբ՝ նախաքննության փուլում կալանքի կիրառումը, որն ուղեկցվել է իրավասու մարմինների ներկայացված սին և անբավարար հիմնավորումներով, դատարանների ընդունած չպատճառաբանված որոշումներով, հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին և միջազգային իրավունքով նախատեսված երաշխիքներին։
Ռոբերտսոնը Doughty Street Chambers ընկերության հիմնադիր-ղեկավարն է։ Նախկինում նա Քլունիի հետ ներկայացրել է Հայաստանի շահերը ցեղասպանության ժխտման իրավական պատասխանատվության գործով։ Ռոբերտսոնը հայտնի է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն իր մեծ նվիրվածությամբ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին, երբ նա Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
Կարդացեք նաև՝