ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի տարածքում միջուկային նոր օբյեկտներ կառուցելու դեպքում դրանք կոչնչացվեն, գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
«Իրանի միջուկային բոլոր երեք օբյեկտներն ամբողջությամբ ավերվել են կամ ոչնչացվել։ Տարիներ կպահանջվեին դրանք շահագործման հանձնելու համար, և Իրանին շատ ավելի ձեռնտու կլիներ նորից սկսել դրանք կառուցել երեք տարբեր վայրում, մինչև այդ օբյեկտների ոչնչացումը»,- գրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի հրապարակումից առաջ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային հայտարարել էր, որ Իրանը կարող է դուրս գալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից: Ռեզայի խոսքով՝ նման քայլի Թեհրանն ստիպված կլինի գնալ արտաքին ճնշման ուժեղացման դեպքում։
Ռեզային նշել է, որ մինչ այժմ Իրանը չի օգտագործել իր ողջ ներուժը, սակայն կարող է դիմել «ռազմավարական այլ միջոցների», ներառյալ՝ ժամանակակից ցենտրիֆուգների արտադրությունը և միջուկային համագործակցության ընդլայնումը:
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ն, իր հերթին, հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Մեկ օր անց՝ հունիսի 24-ին, ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Թեհրանի և Թել Ավիվի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։