ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ ՊՆ փոխնախարար, ՌՈ նախկին պետ, գնդապետ Վահրամ Խորխոռունու սպանությունը, որ տեղի էր ունեցել 1998 թվականին, հայտնել է Քննչական կոմիտեն։
Ըստ հրապարակման՝ Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն նույն տարվա դեկտեմբերի 10-ին Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ իրականացրել են Խորխոռունու սպանությունը։
Նշվում է, որ Ս.Ա.-ն պայմանավորվածություններ է ձեռք բերել ԼՂ բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ և սպանություն կատարելու համար նրանց առաջարկել է համապատասխանաբար 10 և 15 հազար դոլար:
Ս.Ա.-ն իր մտերիմ Հ.Ն.-ի եղբորից՝ Ա.Ն.-ից, ձեռք է բերել «Մակարով» տեսակի ատրճանակի ինքնաշեն փող և խլացուցիչ, որոնք տեղադրել է իրեն պատկանող «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակի վրա, ապա ամայի վայրում կրակելով՝ փորձարկել այն։ Նա խլացուցիչի արդյունավետության նպատակով Ա.Ն.-ի օգնությամբ քանդել է փամփուշտները, այնուհետև կրկին հավաքել դրանք։
Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն դեկտեմբերի 7-ին և 8-ին գնացել են Երևան, հանցակիցներին տարել և մատնացույց են արել Խորխոռունու բնակության շենքը։
Դեկտեմբերի 9-ի երեկոյան նրանք, Հ.Ն.-ի վարած ավտոմեքենայով, ուղևորվել են Խորխոռունու բնակության վայր, որտեղ դարանակալել են՝ սպասելով թիրախի՝ տուն գալուն։ Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, նրա ուղղությամբ արձակել են հինգ կրակոց, որոնցից երեքը դեմքի, երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին։ ՊՆ պաշտոնյան տեղում մահացել է, իսկ հանցավոր խմբի անդամներն անմիջապես հեռացել են դեպքի վայրից։
ՔԿ-ն Ս.Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (Շահադիտական դրդումներով կատարված սպանությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 20 տարի ժամկետով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով): Նա ձերբակալվել է։