ՀՀ կառավարությունը մեզ վստահեցրել է, որ արտաքին հարաբերությունների զարգացումը Իրան-Հայաստան հարաբերությունների դեմ չէ, և մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։
Ըստ նրա՝ Հայաստանի հարաբերությունների զարգացումը ԵՄ երկրների հետ Իրանին դեմ չեն գնահատում։
«Մենք ՀՀ-ից ակնկալում ենք, որ Եվրոպայի և այլ երկրների հետ լավ հարաբերությունները կօգտագործի Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է դեսպանը։
Նա ողջունել է ՀՀ արտաքին հարաբերությունների կարգավորումն այլ երկրների հետ, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
«Դուք հարևաններ եք, և հարևանները պետք է խաղաղ և անվտանգ պայմաններում խաղաղ գոյակցությամբ կողք-կողքի ապրեն։ Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, բայց այն պետք է տեղի ունենա երկրների տարածքային ամբողջականության շրջանակում, և տարածաշրջանի երկրները պետք է օգտվեն դրանից»,- նշել է Սոբհանին։
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ նա նշել է, որ Հայաստանն Իրանի հարևան պետությունների շարքում իր ուրույն տեղն ունի, «ազնիվ հարևան երկիր է»։ Նա ընդգծել է, որ ներկայումս իրանական ընկերությունները մասնակցում են Մեղրիի մաքսակետի և Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման նախագծերին, որոնք ֆինանսավորվում են ԵՄ-ի և եվրոպական բանկերի կողմից:
«Ցանկանում ենք բոլոր ոլորտներում մեր հարաբերությունները Հայաստանի հետ զարգացնել։ Ցանկանում ենք, որպեսզի Հայաստանն ապրի խաղաղ պայմաններում և խաղաղ գոյակցություն ունենա իր բոլոր հարևանների հետ, որովհետև սա նաև բխում է մեր տարածաշրջանի անվտանգությունից»,- հավելել է դիվանագետը։
Հուլիսի 17-ին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը վերահաստատել էր ԻԻՀ դիրքորոշումը տարածաշրջանի ապաշրջափակման հարցում և աջակցություն հայտնել ՀՀ դիրքորոշմանը։




































