Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այո, մենք դիմել ենք, և դա տեղավորվում է մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ։ Նախորդող շրջանում ՇՀԿ-ում ունենք դիտորդի կարգավիճակ, այնպես չէ, որ մենք զրոյական վիճակից որոշեցինք անդամակցել»,- ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ սա կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների հետ, քանի որ քննարկվում է կարգավիճակների չեղարկում։
«Հայաստանն սպասված գործընկեր է թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, թե՛ արևելքում, թե՛ արևմուտքում, մենք էլ նույն կերպ նրանց հետ ուզում ենք գործընկերություն»,- հավելել է Փաշինյանը։
Պեկինի և Երևանի միջև ապրանքաշրջանառության ծավալը թարմացրել է պատմական ռեկորդը, հայտարարել էր Հայաստանում Չինաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։
Նա հույս էր հայտնել, որ Հայաստանն ակտիվորեն կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ), որի նախագահությունը 2025 թվականին անցել էր Չինաստանին։





































