Թեհրանը չի համաձայնի բանակցել Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ն պահպանի Իրանի կողմից ուրանը հարստացնելուց հրաժարվելու պայմանը, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ իրենք դեմ չեն ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ առանց նախապայմանների և պահպանելով Իրանի կողմից նշված «կարմիր գծերը»։
«Նրանք ասում են, որ Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը, մինչդեռ սա մեր կարմիր գծերից մեկն է, և եթե բանակցությունները պայմանավորվեն հարստացման դադարեցմամբ, ապա դրանք չեն կայանա»,- հայտարարել է նա։
Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունների, եթե Թեհրանը փորձի վերսկսել միջուկային ծրագիրը:
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ն, իր հերթին, հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Մեկ օր անց՝ հունիսի 24-ին, ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Թեհրանի և Թել Ավիվի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։