Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող արցախցիները նստացույց կսկսեն, հայտարարել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։
Նա նշել է, որ ոստիկանությունը կրկին մերժել է մասնակիցներին անցկացնել նախատեսված երթը։ Մկրտչյանի խոսքով՝ եթե երթը տեղի ունենա, ոստիկանությունն ուժ կկիրառի։
«Ես և Խորհրդի բոլոր անդամները հայտարարում ենք նստացույց այստեղ՝ այս հրապարակում, աամենավերջինն ենք գնալու այստեղից»,- ասել է նա՝ կոչ անելով արցախցիներին միանալ բողոքի ակցիային։
Մկրտչյանը շեշտել է, որ արցախցիները չեն նահանջի խորհրդի կողմից նախկինում առաջ քաշված 12 պահանջից և կշարունակեն բողոքի ակցիաները մինչև կառավարությունն սկսի լուծել իրենց խնդիրները։
Խորհուրդը հանրահավաքի մասին հայտարարել էր հունիսի վերջին և Հայ Առաքելական եկեղեցուն, Կիլիկիայի կաթողիկոսարանին, սփյուռքի բոլոր կազմակերպություններին, Արցախի և Հայաստանի հասարակական կազմակերպություններին և քաղաքական ուժերին, արցախյան իշխանություններին և ամբողջ հայ ժողովրդին կոչ էր արել միավորվել արցախյան գաղափարի շուրջ և այդ հարցը դարձնել համահայկական օրակարգ։ Երևանի քաղաքապետարանը թույլտվություն չէր տվել արցախցիների հանրահավաքից հետո նախատեսված հնարավոր երթի և նստացույցի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։