Իսրայելն Իրանի դեմ ռազմական գործողություններ է նախապատրաստել անցյալ տարվա վերջից, երբ ականատես էր ուրանի հարստացման իրանական գաղտնի նախագծին, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։
Պաշտոնյան նշել է, որ իսրայելական հետախուզությունը միջուկային զենքի ոլորտում ակտիվություն է հայտնաբերել, երբ իսրայելական օդուժն սպանել էր Լիբանանում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահի» երկարամյա առաջնորդ Հասան Նասրալային: Այս դիտարկումը դրդել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին նախապատրաստվել հարձակման ԱՄՆ-ի օգնությամբ կամ առանց դրա:
Նրա խոսքով՝ իսրայելական հետախուզությունը պարզել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով Իրանի մոտ մնացել է հարստացված ուրանի մի մասը։ Նշվում է, որ այդ ուրանը հարստացված է 60%-ով և մոտ է այն մակարդակին, որը բավարար է միջուկային ռումբ ստեղծելու համար:
Հուլիսի 7-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունների, եթե Թեհրանը փորձի վերսկսել միջուկային ծրագիրը։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ն, իր հերթին, հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Մեկ օր անց՝ հունիսի 24-ին, ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Թեհրանի և Թել Ավիվի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։