Սերբիան սկսել է նախապատրաստվել խաղաղ նպատակներով ազգային միջուկային ծրագրի իրականացմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ Հանդանովիչին։
«Սերբիան էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ կատարելով՝ բացեց խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման հնարավորությունը, քանի որ մենք պետք է ռազմավարական մտածենք էներգետիկ անվտանգության ապագայի մասին։ Դա հնարավոր չէ առանց կադրային բազայի ամրապնդման, ինչի համար ունենք լավ հիմք, բայց ցանկանում ենք այն ավելի ուժեղացնել, և «Վինչա» ինստիտուտը ճանաչել ենք որպես մեր երկրում միջուկային ծրագրի ստեղծման հիմքի մաս»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ ավարտվում է Սերբիայում միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ նախնական տեխնիկական հետազոտության նախապատրաստումը, որը «միջուկային ծրագրի զարգացման առաջին քայլն է» և ցույց կտա հնարավոր շուկայական և տեխնոլոգիական տարբերակները, որից հետո «կկայացվեն հետագա որոշումներ»: