ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատմել է իր տանն ԱԱԾ-ի կողմից կատարված խուզարկության մասին և այն անվանել քաղաքական պատվեր։
Նրա խոսքով՝ ԱԱԾ աշխատակիցներն իրեն հրավիրել են պատշգամբ և փորձել են խլել են իր հեռախոսը, ինչի հետևանքով ձեռքը վնասվել է։
Պատգամավորը վերջին պահին տեղեկացվել է որդու կալանավորման մասին։ Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել որոշակի զանգից հետո, իսկ մինչ այդ որևէ խոսք չկար որդուն բերման ենթարկելու մասին։
«Ասացին՝ Տարոնը պետք է մեզ հետ գա արձանագրություն ստորագրելու»,- պատմել է Մանուկյանը։
Նրա խոսքով՝ սա «հերթական քաղաքական պատվերն է, որն օրենքի հետ կապ չունի, այլ ծառայում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեժիմին»։
«Իրենց էլ ասացի, որ օրենքի հետ գործ չունեն, ուղղակի փուչիկներով կարվող քրեական գործեր են հարուցում, Փաշինյանի կամակատարն են, ծառան»,- շեշտել է պատգամավորը։
ՀՅԴ-ն հուլիսի 10-ին հայտնել էր իր անդամների տներում իրականացված խուզարկությունների մասին և նշել, որ կա ձերբակալված և բերման ենթարկված։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել էր, որ «ԱԱԾ-ն ապօրինաբար առգրավել է» համանուն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ նրա որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել:
Իրավապահ մարմինները դեռ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չեն եկել, և պարզ չէ, թե ո՞րն է խուզարկությունների պատճառը կամ հիմքը: