Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն «անթույլատրելի» է անվանել իրավապահների մուտքը Սուրբ Էջմիածնի տարածք, հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկմանը։
«Մեր սրբություններին պետք է հարգանքով մոտենալ՝ երկյուղածությամբ»,- նշել է Արամ Ա-ն։
Նրա խոսքով՝ Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման առաջին քայլը «հանրային մեղադրանքներից ու հայտարարություններից հրաժարումն» է։
Նորին Սրբությունն ընդգծել է՝ պետք է հարգել պետության օրենքները, միաժամանակ՝ եկեղեցու հեղինակությունն ու նրա՝ ներքին հարցերը ինքնուրույն լուծելու իրավունքը։ Նա նշել է, որ առանձնահատուկ կարևոր է խուսափել այնպիսի լեզվով կամ մոտեցումներով խոսելուց, որոնք անհամատեղելի են «հոգևոր, ազգային և բարոյական արժեքների ու չափանիշների» հետ։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հայտարարել է, որ ներկայիս իրավիճակը կարող է լուրջ վտանգի առաջ կանգնեցնել Հայաստանը և բերել անդառնալի հետևանքների։ Արամ Ա-ի համոզմամբ՝ անհրաժեշտ է անել առավելագույնը՝ նման վտանգավոր պայմանների առաջացումը կանխելու համար։
«Եկեղեցին, իր հերթին, կոչված է քննարկել իրեն վերաբերող հարցերն ու գտնել համապատասխան լուծումներն այնպես, ինչպես պետությունն էլ պետք է անդրադառնա իրեն առնչվող խնդիրներին՝ խուսափելով այն քայլերից, որոնք կարող են հանգեցնել լրացուցիչ բարդացումների և բևեռացման»,- նշել է Արամ Ա-ն։
Նորին Սրբությունը պետական մարմիններին կոչ է արել դադարեցնել ձերբակալությունների արշավը: Արամ Ա-ն նաև պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու խորհրդակցությունները քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների հետ։
«Սա թույլ կտա կանխել ապագա բարդությունները և խնդիրների լուծման ուղիներ փնտրել հանգստության, փոխադարձ հասկացողության և հարգանքի մթնոլորտում»,- ընդգծել է նա։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններից հետո հեղաշրջման մեղադրանքով 17 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Նրանցից 15-ի նկատմամբ դատարանը կիրառել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով։ Կանալավորվածների թվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։
Հունիսի 27-ին ԱԱԾ-ն մտել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հավաքվածները մի քանի ժամ թույլ չէին տվել տանել սրբազանին, այնուհետև սրբազանն ինքն էր շարժվել դեպի Քննչական կոմիտե: Մի քանի ժամ հարցաքննություննից հետո հունիսի 28-ի վաղ առավոտյան նա կալանավորվել էր:




































