ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել պահպանել հանգստություն, զգոնություն և չտրվել որևէ սադրանքի, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ նա ընդգծել է, որ որևէ իշխանություն իրավունք չունի ներխուժել եկեղեցու ինքնիշխանության դաշտ ու թելադրել իր կամքը՝ հիշեցնելով, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ եկեղեցին գործում է պետությունից անջատ։
«Ես լավ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին (ՀՀ վարչապետ-խմբ․)։ Նա կանգ չի առնելու՝ գոռալու է, ճղճղալու, վիրավորելու, սադրելու։ Բայց եկեղեցին պետք է հակադրվի իր հավասարակշռությամբ»,- լրատվականի մեջբերմամբ՝ ասել է առաջին նախագահը։
Կաթողիկոսն, իր հերթին, տեղեկացրել է Տեր-Պետրոսյանին, որ վերջին շրջանում տարբեր ուղղություններով անընդհատ զգուշացումներ ու սպառնալիքներ է ստանում։
Նրան փորձել են համոզել հեռանալ, հակառակ դեպքում՝ խոստացել են վարկաբեկել կամ նույնիսկ ձերբակալել, գրել է թերթը:
Տեր-Պետրոսյանը Գարեգին Բ-ի հետ հունիսի 25-ին քննարկել էր երկրի իշխանությունների կողմից եկեղեցու դեմ արշավը և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը դրա համատեքստում։
Հունիսի 26-ին հայտնի էր դարձել, որ Աջապահյանի նկատմամբ հունիսի 17-ին քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններից հետո հեղաշրջման մեղադրանքով 17 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Նրանցից 15-ի նկատմամբ դատարանը կիրառել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով։ Կանալավորվածների թվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։




































