Անհայտ կորածների հարազատները որոշել են բացել Բաղրամյան պողոտան այն բանից հետո, երբ նշված վայր է ժամանել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցը։
Հարազատները չեն մանրամասնել, թե ինչ են պայմանավորվել ԱԱԾ ներկայացուցչի հետ, և արդյոք նրանք պլանավորում են հանդիպել ԱԱԾ պետի պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանի հետ։ Նրանք նշել են, որ «կոմպրոմիսի են եկել», իսկ իրենց «բարձրացրած հարցը լուծում կստանա»։
Բաղրամյան պողոտան փակ էր հունիսի 18-ի երեկոյից։ Անհայտ կորածների հարազատները դեմ էին արտահայտվել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հրաժարականին, քանի որ վստահ չեն, որ նոր տնօրենը պատշաճ կզբաղվի իրենց հարցով։
Անհայտ կորածների հարազատներից մեկը հունիսի 19-ին Armenia Today-ին ասել էր, որ Սիմոնյանն անտեսել է իրենց հանդիպելու պահանջը։
Բողոքի ցույցի մասնակիցներից մեկի խոսքով՝ մայիսի 18-ին՝ զինվորների հարազատների հետ վերջին հանդիպման ժամանակ, Աբազյանն ասել էր՝ «ձեր երեխաները ողջ են, և բոլորը կվերադառնան», և կոչ էր արել հարազատներին համբերատար լինել։
«Ասաց՝ շատ բաներ չեմ բացահայտում, ձեր երեխաները ողջ են, բոլորն էլ եկող են», – պատմել է ակցիայի մասնակիցը։
Նա շեշտել է, որ Աբազյանը պետական մարմնի միակ ղեկավարն էր, որը ամեն կերպ օգնում էր անհայտ կորածների հարազատներին։
Հարցն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, որին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բոլոր խոստումները մնում են ուժի մեջ։
Նա նշել է, որ անհայտ կորածների հարազատներն իրեն տվել են 5 հարց, որոնցով զբաղվելու է 2 ամսվա ընթացքում, իսկ հանդիպումը կայացել է 2 շաբաթ առաջ։
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորվել էր 2022թ. հոկտեմբերի 20-ին: