Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Հայաստանում գործող «Տաշիր Պիցցա» հանրային սննդի 4 մասնաճյուղի արտադրական գործունեությունը, տեղեկանում ենք ՍԱՏՄ-ի կայքից։ Այս պահին, ընդհանուր առմամբ, փակվել է ցանցի 10 մասնաճյուղ։
Ըստ տեսչական մարմնի՝ Երևանում գործող Հանրապետության 37, Հյուսիսային պողոտա 18/77, Էրեբունի 14 և Վանաձորի Տիգրան Մեծի 44/6 հասցեներում գործող մասնաճյուղերում խախտումներ, սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանություններ են հայտնաբերվել, որոնք վերացնելու համար ժամկետ է սահմանվել:
ՍԱՏՄ-ն Վանաձորի մասնաճյուղում արձանագրել է, որ «առաստաղները և տանիքների ներքին մակերևույթները վնասված են, և չի բացառվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը»:
Էրեբունու մասնաճյուղում, ըստ ՍԱՏՄ-ի, «հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, իսկ առաստաղները կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը»։
«Հյուսիսային պողոտա 18/77 հասցեում գործող մասնաճյուղում հանրային սննդի կառույցի առաստաղները կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը։ Հատակի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, նորոգված չեն։ Հանրապետության 37 հասցեի մասնաճյուղում սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես»,- մասնավորապես ասված է ՍԱՏՄ հաղորդագրություններում։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին: Նա հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները՝ աջակցություն հայտնելով եկեղեցուն, ինչից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։






































