Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը՝ այն գնահատելով որպես հարված Հայաստանի և Հայոց եկեղեցու հեղինակությանը:
Հայ Առաքելական եկեղեցու հայտարարության մեջ նշվում է, որ դատարանը գործարարի ձերբակալման որոշումը կայացրել է իշխանությունների բացահայտ ճնշումների ներքո:
Եկեղեցու գնահատմամբ՝ Կարապետյանի նկատմամբ հետապնդումը վարչապետի «հակաեկեղեցական գործողությունների» հերթական դրսևորումն է՝ նպատակ ունենալով վախի ու սպառնալիքի կիրառմամբ Հայոց եկեղեցուն զրկել աջակցությունից:
Հունիսի 19-ին՝ ավելի վաղ, դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին, որը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, ինչից հետո իրավապահները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Կարապետյանի առանձնատան մոտ հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ աջակցություն հայտնելու նրան։
Հունիսի 18-ի գիշերը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին իր տնից բերման էին ենթարկել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։