Իրանը հունիսի 16-ի լույս 17-ի գիշերն սկսել է միջազգային մասշտաբով լայնածավալ պատասխան հարվածների նոր փուլ Իսրայելի դեմ՝ հրթիռների և անօդաչու սարքերի կիրառմամբ, Mehr գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
Ըստ բարձրաստիճան զինվորականների՝ հարվածներն ուղղված էին Իսրայելի ռազմական և ռազմավարական թիրախներին՝ հիմնականում Թել Ավիվի և Հայֆայի ուղղությամբ։ Գործողությունն ստացել է «Ճշմարիտ խոստում 3» անվանումը:
Իրանական կողմը պնդել է, որ իսրայելական «ագրեսիան» անպատճառ է, և Թեհրանին ստիպում է պաշտպանել իր ժողովրդի և երկրի անվտանգությունը։
Իսրայելն, իր հերթին, ըստ Reuters-ի, հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերն այս գիշեր մի քանի ալիքով հարվածներ են հասցրել Իրանի ռազմական ենթակառուցվածքներին երկրի արևմտյան հատվածում: Իսրայելի Պաշտպանության բանակի հայտարարության համաձայն՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են տասնյակ օբյեկտների վրա, որոնք կապված են բալիստիկ հրթիռների պահպանման և արձակման, հակաօդային հրթիռային համակարգերի արձակման կայանների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի պահեստների հետ։
Իսրայելական կողմը պնդել է, թե հարվածները հասցվել են բացառապես ռազմական նշանակության թիրախներին՝ «Իրանից եկող սպառնալիքները» չեզոքացնելու նպատակով։
Իսրայելն Իրանի ռմբակոծությունն սկսել էր հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ Թեհրանը միջուկային ռումբ ստեղծելու եզրին է: Այդ ժամանակից ի վեր Իրանն ու Իսրայելը հզոր հարվածներ են հասցնում միմյանց՝ սպանելով և վիրավորելով խաղաղ բնակիչներին և մտահոգություններ առաջացնելով ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության վերաբերյալ: