Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) մշակում է նոր հարթակ՝ «ԱՊՀ պլյուս» անվանմամբ, որին կկարողանան միանալ ինչպես գործընկեր, այնպես էլ դիտորդի կարգավիճակով այն երկրները, որոնք անդամ չեն ԱՊՀ-ին, այդ թվում՝ պետությունների բլոկներ, գրում է Известия-ն։
Ըստ կայքի՝ այս նախաձեռնությունը կխորացնի ԱՊՀ-ի կապերը Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), ԲՐԻՔՍ-ի և այլ միջազգային միավորումների հետ։ Նախաձեռնությունը ներկայացվել է Ղազախստանի նախագահի կողմից և արդեն ակտիվորեն քննարկվում է ԱՊՀ շրջանակներում։
Նոր ձևաչափի հիմնական ուղղություններն են՝ տնտեսական և հումանիտար համագործակցությունը, ինչպես նաև անվտանգության խնդիրները, ներառյալ՝ ահաբեկչության ու թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարը։ Նախագիծն ինտեգրվում է «Մեծ եվրասիական գործընկերության» ռազմավարության մեջ՝ բացելով նոր հեռանկարներ Եվրասիայի համար։ Նշվում է, որ «ԱՊՀ պլյուս»-ին մասնակցելը հնարավոր է առանց պաշտոնական պարտավորությունների։
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հունվարին մեկնաբանել էր Հայաստանի կողմից ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկը։ Նա նշել էր, որ «առանց ԱՊՀ-ի Հայաստանին դժվար կլինի»։ Լեբեդևը նաև ընդգծել էր, որ տարբեր միջազգային փաստաթղթեր, որոնք ստորագրում են երկրները, ոչ միշտ են իրականում կիրառվում։
ՀՀ Ազգային ժողովը մարտի 26-ին ամբողջությամբ ընդունել էր ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը:






































