Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը կարող է ազատվել պաշտոնից ակտիվիստ Արթուր Չախոյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, ինչը կլինի նրա դեմ հարուցված քրեական գործի հետևանք, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աղբյուրներին։
Լրատվականի համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դժգոհ լինելով այս միջադեպի առաջացրած արձագանքից, կարող է բացատրություն պահանջել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, որի թիմի ներկայացուցիչ է Նոր Նորքի ղեկավարը։
Այս հարցը մայիսի 7-ին խորհրդարանում ընդդիմության կողմից բարձրացված հարցերից մեկն էր։ Այդ ժամանակ Փաշինյանն սկսել էր գոռալ և սպառնալիքներ հնչեցնել։ Թերթը հավելել է, որ խորհրդարանում Փաշինյանի անհավասարակշիռ վարքագծի դրսևորումից հետո կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները վստահ են, որ վարչապետի գործողություններն իրենց համար նույնպես անհետևանք չեն մնա։
Կուսակցության ներսում կարծում են, որ Փաշինյանի վարքագիծն, առաջին հերթին, ուղղված էր իր սեփական ընկերների դեմ։ Այսպիսով՝ վարչապետը հասկացրել է, որ «նրանց պատճառով ստիպված է դիմանալ նվաստացմանը, հետևաբար, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է հրատարակության մեջ։
Թերթի տեղեկություններով՝ քննադատությունը կարող է ազդել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա տեղակալ Արմեն Փամբուխչյանի վրա։
Ապրիլի 29-ին Չախոյանը հայտարարել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն սպառնացել, հայհոյել է իրեն և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Վերջիններս թաղապետի նկարի վրա յոգուրտ էին լցրել։ Չախոյանն ապրիլի 29-ին գրել էր, որ գնալու է թաղապետարան՝ հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով:
Ապրիլի 30-ին, երբ Չախոյանն այցելել էր թաղապետարան, ծեծկռտուք էր տեղի ունեցել վարչական շրջանի ղեկավարի, նրա աջակիցների և Չախոյանի միջև, որից հետո վերջինիս ոստիկանությունից վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետ մեղադրանք առաջադրել։ ՔԿ-ն մայիսի 1-ին տեղեկացրել էր, որ ապրիլի 29-ի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում քրհետապնդում էր հարուցվել 2 անձի նկատմամբ։ Ապրիլի 30-ի դեպքի առնչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 4 անձի նկատմամբ։ ԶԼՄ-ները գրել էին, որ մեղադրանք է առաջադրվել նաև Տեր-Մարգարյանին։