ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը վարձել է ամերիկյան լոբբիստական և հասարակայնության հետ կապերի Mercury Public Affairs ընկերությանը, որը ներկայացնում էր Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այս մասին վկայում է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հրապարակված փաստաթուղթը։
Համաձայն պայմանագրի՝ Mercury-ն ներկայացնելու է Երևանի դիվանագիտական ներկայացուցչության շահերն ԱՄՆ Կոնգրեսում և վարչակազմում՝ ընդգծելով Հայաստանի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակությունը։ Այդ ծառայությունների դիմաց Mercury ընկերությունն ամսական կստանա 50 000 դոլար։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) տվյալներով՝ տարիներ շարունակ Mercury-ն «ռազմավարական և քաղաքական ծառայություններ է մատուցել» Թուրքիային և «մասնակցել է» մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների «արդարացման» փորձերին։ 2020 թվականի փետրվարին Mercury-ն Թուրքիայի դեսպանատան հետ կնքել է 1 միլիոն դոլարի պայմանագիր, սակայն 2020 թվականի հոկտեմբերին հայկական կազմակերպությունների ճնշման արդյունքում խզել է այն։