Հանրապետության հրապարակից մեկնարկած Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթն ավարտվել է Ծիծեռնակաբերդում։
Ամենամյա երթը կազմակերպում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։
Երթի մեկնարկից առաջ մասնակիցները, ավանդույթի համաձայն, այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները՝ ի նշան Բաքվի և Անկարայի ցեղասպան քաղաքականության:
Այս տարի երթն իրականացվում է «Զա՛րկ, երբ հալածում են քեզ» կարգախոսով։ Ջահերթի մասնակիցները նաև Արցախի և Արևմտյան Հայաստանի բնակավայրերի անվանումներով պաստառներ էին պարզել։
Իր խոսքում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանը կարևորել է հարվածին հակադարձելու կարողությունը։ «Ցեղասպանությունից 110 տարի անց մենք համոզված ենք մի բանում, որ երբ քեզ հարվածում են, դու ավելի ուժգին պետք է հարվածես, հակառակ դեպքում կլինի այն ինչ եղավ Արցախում»,- նշել է նա։
Նա շեշտել է, որ ՀՀ թշնամիների քաղաքականությունը 110 տարի անց չի փոխվել, դրա վկայությունն է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը։ «Այն ինչ 110 տարի առաջ տեղի ունեցավ Մուշում, Վանում, Սասունում նույնը տեղի ունեցավ Հադրութում, Շուշիում ու Ստեփանակերտում»,- ասել է Ավդալյանը։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ հայ երիտասարդության մեջ կրկին լինելու են Սողոման Թեհլերյաններ և Արշավիր Շիրակյաններ։ «Հայ վրիժառուների բանակը այնքան է մեծանալու, մինչև որ հասնենք արդար հատուցման թե՛ ցեղասպանության, թե՛ Արցախի հարցում»,- շեշտել է ՀՅԴ ներկայացուցիչը։
Ծիծեռնակաբերդում ջահակիրները ծաղիկներ են խոնարհել և տերունական աղոթք հնչեցրել։