Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է քաղաքացու՝ սահմանի մոտ ադրբեջանական զինուժի տեխնիկայի տեղաշարժի կադրեր հրապարակելու համար։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սամեդ Ռուստամովը ձերբակալվել է TikTok-ով ռազմական տեխնիկայի տեղաշարժի կադրեր հրապարակելուց հետո։ Տեսագրությունն արվել է փետրվարի 27-ին Հայաստանին սահմանակից Գադաբայ շրջանում։ Նշվում է, որ հրապարակումն ուղեկցվել է «հայտարարություններով, որ իբր Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում պետական սահմանին»։ Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ Ռուստամովի դեմ քրեական գործ է հարուցվել, նա կալանավորվել է, առգրավվել է բջջային հեռախոսը։
Ադրբեջանը մարտի 16-ից սկսել էր պարբերաբար հայտնել Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։ ՀՀ ՊՆ-ն մարտի 18-ին այդպիսի երրորդ հաղորդագրությունն էր հերքել: Մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին չի փոխանցել հրադադարի խախտման ապացույցներ և շեշտել, որ ՀՀ բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։