Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի «ահաբեկման» ներքո, հայտնում է Reuters-ը:
«Որոշ ահաբեկող կառավարություններ չեն պնդում բանակցություններ վարել խնդիրները լուծելու համար… Նրանց համար բանակցությունները նոր պահանջներ ներկայացնելու միջոց են, և խոսքը միայն Իրանի միջուկային խնդրի մասին չէ… Իրանը հաստատ չի արդարացնի նրանց սպասելիքները», – մեջբերում է գործակալությունը Խամենեիի խոսքերը։
«Պարտադրանքին ու ահաբեկմանը դիմակայելու այլ ճանապարհ չկա։ Նրանք նոր պահանջներ են ներկայացնում, որոնք Իրանը, անշուշտ, չի ընդունի, օրինակ՝ մեր պաշտպանունակությունը, հրթիռների հեռահարությունը և միջազգային ազդեցությունը»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը փետրվարի 4-ին հրամանագիր էր ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերսկսելու մասին, այդ թվում՝ իրանական նավթի արտահանման կրճատմանն ուղղված միջոցառումները։ Միաժամանակ՝ նա հայտնել էր բանակցությունների և Թեհրանի հետ «հիանալի գործարք» կնքելու պատրաստակամության մասին։
Փետրվարի 7-ին Խամենեին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության և բացառել էր բանակցությունները։ Փետրվարի 9-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ նախընտրում է գործարք կնքել Իրանի հետ, քան հարվածել երկրին:
Մարտի 7-ին Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով քննարկել միջուկային ծրագիրը։ Թրամփը, գործարք չկնքելու դեպքում, Իրանին սպառնացել էր «հետևանքներով»։