Բելառուսից Հայաստան վերադարձած բլոգեր Բելլա Բաբախանյանը Հայաստանի իշխանություններին անգործության մեջ է մեղադրել։ Նա ընդգծել է, որ հայրենիք է վերադարձել բացառապես ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի ջանքերի շնորհիվ:
«Փոխանակ մի սովորական աղջկա համար պարոն Ծառուկյանի արած գործը մի քիչ գնահատեք, դրել ու ինչեր եք քննարկում։ Չէ՞ որ նա այս գործն արել է ձեր փոխարեն»,- մարտի 5-ին ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին ի պատասխան հայտարարել է Բաբախանյանը:
Բլոգերը հավելել է, որ արդեն 10 օր է՝ Հայաստանում է, «բայց կառավարության կողմից որևէ քայլ չի տեսել»։
Փետրվարի 14-ին Բաբախանյանի ձերբակալության մասին հայտնել էր բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Ավելի ուշ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ բլոգերին օգնելու համար գործարարն օգտագործել է իր բոլոր հնարավոր և հասանելի միջոցներն ու կապերը։ Փետրվարի 25-ին Տոնոյանը տեղեկացրել էր Բաբախանյանի Հայաստան ժամանելու մասին։
Մարտի 5-ին ՀՀ ԱԳ նախարարն ԱԺ-ում հայտարարել էր, որ Երևանը պաշտոնական նոտայով դիմել էր Մինսկին՝ Բելառուսում բլոգեր Բաբախանյանի ձերբակալության կապակցությամբ:
Միրզոյանը, մասնավորապես, նշել էր. «ո՞վ է ջանքեր գործադրել բաց թողնելու համար, ո՞վ է դա ներկայացնում որպես իր ձեռքբերում, չգիտեմ։ Մեզ այդքան չի հետաքրքրում: Մենք հավաստիացել ենք, որ մեր քաղաքացին 15 օրից հետո բաց է թողնվելու»։