Ֆուտբոլային խաղի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, 5 անձ հրավիրվել է համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ միջադեպը ոստիկանների կողմից կանխվել է։
Այսօր ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստանի Պրեմիեր Լիգայի «Վան»-«Ալաշկերտ» հանդիպումն ընդհատվել է ակցիայի պատճառով, որի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել երկրպագուների և ոստիկանների միջև։ Երկրապագուները ներխուժել էին խաղադաշտ՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
Փետրվարի 28-ին First Armenian Front ֆան շարժումը (FAF) հայտարարել էր, որ վերսկսում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։
2024 թվականի հոկտեմբերին, UEFA-ի Ազգերի լիգայի Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո, որին հաջորդել էր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկությունը, ֆան-շարժումների ներկայացուցիչները պահանջել էին Մելիքբեկյանի հրաժարականը: ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Ինքը՝ Մելիքբեկյանը, հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Հունվարի 30-ին երկրպագուները ՀՖՖ-ին մեղադրել էին ազգային հավաքականի խաղերին իրենց ներկայությունը կանխելու մեջ։ Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը։