ԴՕԿ նախագահ Վարդան Ղուկասյանի (հայտնի Դոգ մականունով) փաստաբան Լևոն Բաղդասարյանը հերքել է իր պաշտպանյալի կալանավորման, հիվանդության և մահվան մասին լուրերը։
«Մամուլում, համացանցում, փողոցում լուրեր են պտտվում, որ Վարդան Ղուկասյանին իբր ծեծել են, առևանգել են, սպանել են, ինտերպոլը կալանավորել է, դատել են, անբուժելի հիվանդ է և այլն։ Պաշտոնապես հայտարարում եմ, դրանք իրականությանը չեն համապատասխանում, ստահոդ լուրեր են, տրվելու է նաև դրանց իրավական գնահատականը»,- Facebook-ում վստահեցրել է փաստաբանը։
Բաղդասարյանը բացատրել է, որ Ղուկասյանը ժամանակավորապես դադարեցրել է հանրային հեռարձակումը «իր գործարար համբավին առնչվող իրավական գործընթացի պատճառով»։ Փաստաբանը կոչ է արել Ղուկասյանի աջակիցներին՝ ելնելով արդարադատության շահերից չծանրաբեռնել փաստաբանական գրասենյակը հազարավոր զանգերով ու հաղորդագրություններով։
Փետրվարի 27-ին ԴՕԿ կուսակցությունը հայտնել էր, որ 6 օր է, ինչ Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկացրել էին Ղուկասյանի հոսպիտալացման մասին։
Փետրվարի 28-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինները բերման են ենթարկել Ղուկասյանին։
2023-ին ՀՀ քննչական կոմիտեն Ղուկասյանի և իր կուսակից Արտակ Գալստյանի նկատմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և մասնակցության հոդվածներով քրեական վարույթ էր նախաձեռնել։ 2023-ի մայիսին Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ապրիլին նա դարձել էր մեղադրյալ առանձնապես խոշոր չափերով շորթման քրեական գործով։