2026 թվականի ընտրություններին ընդառաջ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով բաժանվել է խմբերի և սկսել է աշխատել, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ փակ նիստերից մեկի ժամանակ ՔՊ ներկայացուցիչների մի մասին հանձնարարվել է այցելել մարզեր, քաղաքացիների հետ հանդիպել, սիրաշահել, մի մասին՝ մայրաքաղաքում տարբեր ակտիվ շրջանակների, երիտասարդների հետ հանդիպել, մյուսին՝ հարցազրույցներ տալ ու տարածել թեզերը՝ «Իրական Հայաստան», «Խաղաղության պայմանագիր» և այլն:
Մյուս խմբին հրահանգվել է օրնիբուն աշխատել՝ Գյումրու և Փարաքարի ընտրություններում հօգուտ ՔՊ-ի ձայներ հավաքելու համար, գրել է թերթը՝ նշելով, որ նախընտրական ողջ գործընթացին ակտիվ մասնակցելու է անձամբ Փաշինյանը:
Հունվարի 25-ին Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում արտահերթ ընտրությունների անցկացում: Վարչապետը հերքել էր իր ակտիվության և հնարավոր արտահերթ ընտրությունների միջև կապը։ 2024 թվականի դեկտեմբերի 6-ին «Հրապարակ» թերթը գրել էր, որ խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորելու է վարչապետի կինը։
Ըստ թերթի՝ այս հանգամանքով է պայմանավորված Հակոբյանի գերակտիվությունը․ նա կառավարությունում աշխատասենյակ, աշխատակազմ, փիառ թիմ ունի, տեղական, միջազգային հյուրեր է ընդունում և չունենալով պաշտոն՝ ինքն է որոշում պետության կադրային քաղաքականությունը։ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին Փաշինյանը հայտարարել էր կնոջ հետ «Ընտանեկան փոդքասթ» վարելու մասին։