Ռուսական և ամերիկյան պատվիրակությունները փետրվարի 25-ին երկրորդ հանդիպումը կանցկացնեն Էր Ռիադում, որտեղ կքննարկեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը, գրել է Die Zeit-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Պարբերականը չի նշում, թե ովքեր են մասնակցելու բանակցություններին։ Թերթի զրուցակիցները նշել են, որ հանդիպումը «կհանդիսանա փետրվարի 18-ին Էր Ռիադում տեղի ունեցած բանակցությունների շարունակությունը»։ Այն ժամանակ ռուսական պատվիրակության կազմում էին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ամերիկյան կողմը ներկայացնում էին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկովը և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։




































